Զանգեզուր կենսոլորտային համալիրում հանդիպել են` եվրոպական այծյամ, շնագայլ, աղվես, փորսող և աքիս

Զանգեզուր կենսոլորտային համալիրում հանդիպել են` եվրոպական այծյամ, շնագայլ, աղվես,  փորսող և   աքիս

ԷկոԼուր

Զանգեզուր կենսոլորտային համալիրում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցների դիտարկումների ընթացքում հանդիպել են 4 եվրոպական այծյամ, 9 շնագայլ, 4 աղվես, 2 փորսող և 3 աքիս: Վայրի չվող և նստակյաց թռչնատեսակների ուսումնասիրությունների արդյունքում էլ հանդիպել են ամուրիկ, սպիտակախածի կեռնեխ, սև կեռնեխ, անտառային կաչաղակ, մեծ երաշտահավ, խայտաբղետ և սովորական փայտփորիկներ, սովորական խածկտիկ, հատբեկիչ, սոսնձակեռնեխ, սովորական սիտեղ, սովորական սարյակ, լեռնային դրախտապան և կարմրակատար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Աղբյուրի համաձայն` շարունակվում է ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճի մակերևույթի սառցակալման հետևանքով սահմանված խիստ հսկողության ռեժիմը: «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ մասնավորապես` ամենօրյա ստուգայցեր և շրջայցեր որսագողության կանխման, ինչպես նաև թռչունների վիճակի գնահատման համար:

«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է անտառախախտման 1 դեպք, որի առթիվ կազմվել է արձնագրություն և ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Գարնանամուտի հետ կապված նվազել է վառելափայտի պահանջարկը, ինչի արդյունքում աշխատանքային 4 օրվա ընթացքում բնակչությանը բաց է թողնվել 2 խ.մ. վառելափայտ:

Նույն ժամանակահատվածում «Խոսրովի անտառ» պետական արգելոցը համագործակցելով Վայրի բնության հիմնադրամի հետ, տեսա և ֆոտոբռնիչների օգնությամբ կատարում է կենդանական աշխարհի սեզոնային միգրացիայի և հաշվառման աշխատանքներ, որոնք հիմնականում տեղի են ունենում «Խոսրով» և «Խաչաձոր» տեղամասերում:

«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրում ուսումնասիրությունների համար կատարվում են փորձահրապարակների նախապատրաստրաստման աշխատանքներ: Իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայտնաբերվել արգելոցային ռեժիմի որևէ խախտում:

Արգելոցի բուսաբանական բաժնում կատարվում են հերբարիումների թվայնացման աշխատանքներ:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են շուրջօրյա հերթապահություններ և շրջագայություններ, որի ընթացքում մեկ շաբաթում չի հայնաբերվել արգելոցային ռեժիմի որևէ խախտում:

11:26 Մարտ 15, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news