Ախուրյանի ջրամբարի ձկները հայտնվել են Արմավիրի դաշտերում

Ախուրյանի ջրամբարի ձկները հայտնվել են Արմավիրի դաշտերում

ԷկոԼուր

Ախուրյանի ջրամբարից ոռոգման նպատակով ջրբացթողումների հետևանքով ձկները հայտնվել են Արմավիրի մարզի ձորակներում ու դաշտերում: Այս մասին ահազանգեց Հովսեփ Ղազարյանը Facebook սոցիալական ցանցում տարածելով լուսանկարներ և տեսանյութեր: «ԷկոԼուր»-ի հետ զրույցում Հովսեփ Ղազարյանը հայտնեց, որ նկարահանումներն արել է սեպտեմբերի 12-ի առավոտյան՝ Արմավիրի մարզի Արգինա և Քարակերտ համայնքների միջև ընկած ձորակում: «1 կմ տարածքում ամբողջությամբ սատկած ձկներ են, հազարավոր չէ, ես կասեի՝ միլիոնավոր: Իմ նկարածն ընդամենը 0.01 տոկոսն է: Դրանք Ախուրյանի ջրամբարի ձկներն են, որոնք Արմավիրի մայր ջրանցքով ջրբացթողումների ժամանակ ոռոգման ուղիներով եկել, լցվել են ձորակը, առուները, դաշտերը: Բնակիչները տակառներով են հավաքում: Մի քարի տակից կարող ես մի տակառ ձուկ հավաքել: Եթե ձուկը չհավաքվի, մնա դաշտերում ու նեխի, արդեն բերքին էլ վնաս կհասցվի», - նշեց Հովսեփ Ղազարյանը:

ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը հայտնեց, որ ահազանգին տեղյակ են, սակայն չեն կարող որևէ գործողություն իրականացնել, քանի որ նախարարությունը չունի տեսչական մարմին: «Տեսչությունը լուծարված է, իրավաբանորեն տեսչական գործառույթ կատարել չենք կարող, որ վնասը գնահատենք», - ասաց Արմեն Վարդանյանը:

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Կենսաբանության և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Սամվել Պիպոյանի համաձայն՝ Ախուրյանի ջրամբարում ապրում է 17-18 տեսակի ձուկ, այդ թվում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Հաշամ ձկնատեսակը:

«Ախուրյանի ջրամբարում ձկները կամ պատահական են հայտնվել, կամ բաց են թողնվել և շատ մեծ քանակով բազմացել են: Ջրբացթողումների արդյունքում հնարավոր է, որ այդ տեսակները ջրի հոսքի հետ լցվեն ջրանցքները, արտերը և այլն: Այս պահին ուսումնասիրություններ չկան, որպեսզի հնարավոր լինի գնահատել կորուստը», - նշեց Սամվել Պիպոյանը:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Էդուարդ Սարգսյանը ԷկոԼուրին հայտնեց, որ ձկների հետ կապված որևէ պարտավորություն իրենք չունեն, և Ախուրյանի ջրամբարը կառուցվել և շահագործվում է բացառապես ոռոգման նպատակով:

«Ախուրյանի ջրամբարը 33.000 հեկտար տարածք ոռոգելու համար է, դա ձկնաբուծության համար չէ, երբեք չպետք է հույս ունենալ, որ այնտեղ պետք է ձուկ ապրի: Ի՞նչ պետք է մենք անենք, հիմա ո՞րն է կարևոր՝ կարասները, թե՞ ոռոգվող տարածքները», - ասաց Էդուարդ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այս տարի Ախուրյանի ջրամբարի լցվածությունը կազմել է 440 մլն խմ, ինչը 80 մլն խմ-ով պակաս է նախորդ տարվա լցվածությունից՝ 520 մլն խմ: Ջրբացթողումները ջրամբարից կշարունակվեն մինչև նոյեմբեր, հնարավոր է նաև մինչև նոյեմբերի վերջ:

Ախուրյանի ջրամբարը կառուցվել է 1963 թվականին Խորհրդային Միության և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում: Ախուրյան գետի և Ախուրյանի ջրամբարի ջրօգտագործումը կատարվում է Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: Ինչպես փոխանցեց Էդուարդ Սարգսյանը, մինչ օրս ջրամբարից բաց է թողնվել 600 միլիոն խմ ջուր՝ կեսը թուրքական, կեսը՝ հայկական կողմին:



Սեպտեմբեր 13, 2017 at 16:31


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր