24 միլիոն դրամ՝ գայլերի ոչնչացման համար

24 միլիոն դրամ՝ գայլերի ոչնչացման համար

ԷկոԼուր

Կառավարությունը 24 669 200 դրամ է հատկացնում ՀՀ բնապահպանության նախարարությանը Հայաստանում գայլերի դեմ պայքարի համար: Այս որոշումը գործադիրն ընդունեց սույն թվականի ապրիլի 21-ին:

Հայաստանում գայլերի գլխաքանակի կրճատմանն ուղղված կառավարության այս նախաձենությունը մեկնարկել է 2011թ-ից: Պատճառաբանությունն այն է, թե գայլերը կտրուկ ավելացել են եւ հարձակվում են հանրապետության տարբեր համայնքներում ընտանի կենդանիների եւ մարդկանց վրա: ՀՀ բնապահպանության նախարարությունը այս գումարից պետք է պարգեւավճարներ տա նախարարությանը գայլի մորթի ներկայացնողներին: Նշենք, որ կառավարության այս նախաձեռնության մշտապես դեմ են եղել բնապահպանները, քանի որ գայլը անտառի սանիտարն է, իսկ մարդկանց վրա գայլերի հարձակումները պայմանավորված են մարդու կողմից գայլերի կենսամիջավայրի ոչնչացմամբ: Բացի բնապահպաններից այս հարցը մտահոգում է նաեւ մեր բնակիչներին: ԷկոԼուրն այսօր նամակ ստացավ մեր քաղաքացիներից մեկից, ով գրում է. «…Կառավարության նոր որոշման համաձայն նախատեսվում է ոչնչացնել 200 գայլ, և պետբյուջեից դուրս է գրվում 24 մլն դրամ:  

Քանի որ ես մասնագետ չեմ, դիմում եմ Ձեզ՝ որպես մասնագիտական խմբի, որպեսզի քայլեր ձեռնարկեք այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ այդ գումարով կարելի էր ավելացնել անտառ-տնտեսությունների հատվածը, ուր այդ գայլերը կարող են ազատ շրջել ու որսի աղբյուր ունենալ, հետևաբար չեն հարձակվի բնակավայրերի վրա: Գրեթե համոզված եմ, որ անտառային հատվածի կրճատումով է պայմանավորված գայլերի ագրեսիան: Կարծում եմ նաև, որ իրականում գայլերի մորթին յուրացվում է մուշտակների պատրաստման տարբեր խմբերի կողմից: Մյուս փաստարկը, որ կարող եք ներկայացնել, այն է, որ պատերազմի շեմին գտնվող երկիրը չի կարող 24 մլն դրամ դուրս գրել նման օրհասական պահին ու նման ոչ կոնստրուկտիվ բանի համար: Կարելի է ստորագրահավաք կազմակերպել, մամուլում բարձրաձայնել այդ մասին, բայց չի կարելի, որ մասնագիտական խմբերը հանդուրժեն նման ոտնձգություն բնության հանդեպ: Կարելի է հիմնավոր տեքստ կազմել ու համապատասխան ստորագրությունների հետ միասին՝նախապես միավորվելով բնապահպանական բնույթի այլ կազմակերպություններ հետ, ներկայացնել կառավարությանը, անգամ նախագահին: Ես և իմ ողջ ընտանիքը պատրաստ ենք ստորագրել այդ նամակի տակ»:

Ապրիլ 21, 2016 at 19:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր