Հայաստանն աշխարհի ամենահարուստ կենսաբազմազանությունն ունեցող երկրներից է

Հայաստանն աշխարհի ամենահարուստ կենսաբազմազանությունն ունեցող երկրներից է

ԷկոԼուր

Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: Այն հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2000 թ-ի դեկտեմբերի 20-ին: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձով է հանդես եկել ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
«Կենսաբազմազանության պահպանության առաջնայնությունն ընդգծելու նպատակով 1993թ. ՄԱԿ-ն ընդունել է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիան, որն ստորագրել է աշխարհի ավելի քան 168 երկիր: Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով միջազգային հանրության նախաձեռնած գործընթացը, 1993թ. նույնպես վավերացրել է նշված կոնվենցիան և ստորագրել կենսաբազմազանության հետ կապված մի շարք բնապահպանական միջազգային համաձայնագրեր ու արձանագրություններ` իր վրա վերցնելով պարտավորություններ: Վերջիններիս իրականացումը նպատակաուղղված է շրջակա միջավայրի և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության արդյունավետ պահպանությանը:

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը բնապահպանական և մասնավորապես` կենսաբազմազանության պահպանման հիմնախնդիրները, դասում է ազգային և պետական գերակայությունների շարքում:

Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին կենսաբազմազանության միջազգային օրվա առթիվ, կոչ անում լինել հոգատար մեզ շրջապատող բնության նկատմամբ, պահպանել և սերունդներին փոխանցել մայր բնությունից ստացած մեր երկրի հարուստ ու ինքնատիպ կենսաբազմազանությունը»,- մասնավորապես նշված է ուղերձում:

2017թ-ի օրվա թեման է «Կենսաբազմազանությունը և կայուն տուրիզմը»: Նպատակը՝ տնտեսության աճի և կենսաբազմազանության պահպանման գործում կայուն տուրիզմի կարևոր ներդրման վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն է: Թեմայի ընտրությունը պատահական չէ, քանի որ հենց 2017 թ-ը ՄԱԿ-ը հայտարարել է Կայուն տուրիզմի միջազգային տարի: «Լավ կառավարվող տուրիզմի և դրանից ստացվող եկամուտների շնորհիվ հնարավոր է կանխել վայրի ֆլորայի և ֆաունայի պոպուլացիայի կրճատումը և նպաստել կենսաբազմազանության պահպանմանը և վտանգված տեսակների պոպուլացիայի վերականգնմանը», - նշում են ՄԱԿ-ում:

Աշխարհում մարդկային գործոնի հետևանքով վայրի ֆլորայի և ֆաունայի տեսակներն արագ տեմպերով նվազում են: ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում անհետացման վտանգի առջև է կանգնած ֆլորայի մոտ 34.000 և ֆաունայի մոտ 5200 տեսակ: Անհետացման եզրին է թռչունների ամեն 8-րդ տեսակը, գյուղատնտեսական կենդանիների ցեղատեսակների մոտ 30 տոկոսը:
Այս տեմպերից հետ չի մնում նաև Հայաստանը: Այսպես, 2010 թվականին կազմված նոր ՀՀ Կարմիր գրքի մեջ մտել են բույսերի 452 տեսակ՝ 1989 թվականի ՀՀ Կարմիր գրքի 367 տեսակի փոխարեն, կենդանիների 153 տեսակ՝ նախկին 99 տեսակի փոխարեն, սնկերի 40 տեսակ և անողնաշարավորների 155 տեսակ: Կենսաբազմազանության տեսակների կրճատման հիմնական պատճառներն են բնական միջավայրի կորուստը, շրջակա միջավայրի աղտոտումը, որոնք հիմնականում առաջ են գալիս հանքարդյունաբերության, ջրային ռեսուրսների գերշահագործման և աղտոտման, անտառների ոչնչացման արդյունքում:

17:56 Մայիս 22, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news