Մագելի քարանձավը տուրիզմի համար չպետք է օգտագործվի

Մագելի քարանձավը տուրիզմի համար չպետք է օգտագործվի

ԷկոԼուր

Մագելի քարանձավը տուրիզմի համար չպետք է օգտագործվի: ԷկոԼուրի հետ զրույցում նման կարծիք հայտնեց  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը: «Մագելը շատ հարուստ կենսաբազմազանություն ունի, այնտեղ բնադրվում են 7-8 տեսակի չղջիկներ, որոնցից 5 տեսակը գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում:  Պարզ է, որ այդ քարանձավը օգտագործելով, մենք խանգարելու ենք չղջիկներին։ Այսօրվա դրությամբ այնտեղ կա մոտավորապես  200-250 չղջիկ: Ձմեռվա սկզբին ներսում մոտ 700-800 չղջիկ է եղել, բայց երբ գարնանային ջրերը լցվել են քարանձավ, նրանք ցրվել են»,- ասաց Մամիկոն Ղասաբյանը։

Նա նշեց, որ ՝ մի քանի տարի առաջ քարանձավի մուտքը փակել են ճաղավանդակով, որ մարդկանց ելումուտն արգելեն: «Այդ ճաղավանդակի բանալին գտնվում է Վայոց ձորի մարզպետարանում, և հենց իրենք էլ այն տալիս են ցանկացողներին։ Քարանձավին հետևող պահակ չկա: Գիտեմ, որ երբ զբոսաշրջիկներն իրենց դիմում են, ստանում են բանալին», ասաց Մամիկոն Ղասաբյանը:

2015թ-ին ՀՀ կառավարությունը ընդունեց  «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագիրը  հաստատելու մասին»  որոշումը, որը վտանգ է ներկայացնում քարանձավների համար: Այս ծրագրի շրջանակներում 2016 թվականին ՀՀ մշակույթի նախարարությունը  պետք է ընկերությունների համար հայտարարի մրցույթ «Քարանձավները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու և զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար»: Ծրագրում նշված է միայն Մագելի քարանձավը, բայց նաև ասված է, որ խոսքը 3 քարանձավների մասին է: Մյուս երկուսը,  ամենայն հավանականությամբ,  զբոսաշրջության ոլորտում առավել հայտնի Արջերի և Մոզրովի քարանձավներն են։

Մարտ 15, 2016 at 17:51


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր