ԷկոԼուր
Սույն թվականի սեպտեմբերի 17-ից մեկնարկում են գայլերի մորթիների ընդունման աշխատանքները: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում կընդունի գայլերի մորթիներ: Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր սպանված գայլի դիմաց կառավարության սահմանած պարգեւավճարը 100 հազար դրամ է: Սակայն պարգեւավճար չի տրամադրվի, եթե գայլի մորթին ժամկետից ուշ ներկայացվի, որսորդը չունենա որսորդական վկայական, կամ այն ժամկետնանց լինի, գայլը որսված լինի արգելված եղանակով` ձգօղակով, թունավորելով, պայթեցնելով եւ ոչ համայնքի սահմաններում:
Կառավարությունը գայլերի որսի նման խրախուսումը պայմանավորում է համայնքներին գայլերի հարձակումներից պաշտպանելու, Հայաստանում գայլերի թվաքանակի կարգավորման անհրաժեշտությամբ:
Սեպտեմբեր 16, 2015 at 16:43