Կենսաբազմազանության օրը՝ մայիսի 22-ը, Հայաստանում. հաշվում ենք կորուստները

Կենսաբազմազանության օրը՝ մայիսի 22-ը, Հայաստանում. հաշվում ենք կորուստները

ԷկոԼուր

Ներկայումս Երկրագնդի վրա բոլոր կենդանի տեսակների 40%-ից ավելին գտնվում են անհետացման եզրին: Այս փոփոխությունները կարելի է համարել աղետալի: Այս մասին հիշեցնում է Կենսաբազմազանության  միջազգային օրը, որը նշվում է յուրաքանչյուր տարի` մայիսի 22-ին: 2016 թվականին այս օրվա թեման է «Կենսաբազմազանության թեմայի ակտուալացումը, մարդկանց կյանքի և գոյատևման միջոցների պահպանումը»:

Հայաստանում այս թեման ակտուալ է ինչպես երբեք: Կարելի է բերել օրինակներ ըստ բոլոր գործոնների, որոնք նպաստում են կենսաբազմազանության կորստին:

1. Բնական միջավայրի կորուստը և մասնատումը: 1990-ականների կեսերին Հայաստանում արդեն գրանցված էր անհետացած մեկ տեսակ՝ Դալի մուկը, որը բնակվում էր միայն մեր տարածքում: Տարածքները վարելու և կովկասյան հնդկացորենի անհետացման արդյունքում, որով սնվում էր այս տեսակը, Դալի մուկը նույնպես անհետացավ, ավելին, այս տեսակն աշխարհում այլևս չկա: 

2. Ինվազիվ տեսակների մրցակցությունը: Արհեստական լճերում ձկան ինտենսիվ աճեցումը բերեց նրան, որ այդ ձկնատեսակները ներթափանցեցին բնական լճեր, մասնավորապես Սևանա լիճ, և դուրս մղեցին էնդեմիկ տեսակներին, օրինակ, Սևանի իշխանին:

3. Շրջակա միջավայրի աղտոտումը: Այս գործոնը հատուկ է հանքարդյունաբերական տարածքներին, որտեղ ոչնչանում  է ամբողջ էկոհամակարգը: Օրինակ, Թեղուտի հանքավայրի յուրացման արդյունքում ոչնչացված են մոտ 20 էնդեմիկ և կարմիրգրքյան բույսեր և կենդանիներ, որոնք բնակվում էին Թեղուտի անտառում:

4. Կլիմայի գլոբալ փոփոխությունները: Կլիմայի փոփոխության ցուցանիշներով Հայաստանն առաջ է միջազգային միջին ցուցանիշներից: Եթե չձեռնարկվեն միջոցառումներ, ապա Հայաստանին բնորոշ լեռնային էկոհամակարգերի խոցելիությունը, հատկապես կլիմայի տեսանկյունից, կհանգեցնի կենսաբազմազանության տեսակների կորստին:

5. Անապատացումը: Հայաստանի տարածքի 40%-ից ավելին ենթարկվում է անապատացման, և այս ցուցանիշի աճի միտումը պահպանվում է: Սա նշանակում է, որ դեգրադացված տարածքների ավելացման հետ առանձին տեսակներ կդառնան ծայրահեղ խոցելի: Եթե սրան ավելացնենք բնական պաշարների անխոհեմ օգտագործման գործոնը՝ անտառների ոչնչացումը, ջրային բալանսի խախտումը, ապա անհետացման վտանգի տակ հայտնված նոր տեսակների համար հարկավոր կլինի կազմել նոր Կարմիր գիրք:

Հիշեցնենք, որ 2010 թվականին կազմվեց նոր ՀՀ Կարմիր գիրքը, որի մեջ մտան բույսերի 452 տեսակ՝ 1989 թվականի ՀՀ Կարմիր գրքի 367 տեսակի փոխարեն, կենդանիների 153 տեսակ՝ նախկին 99 տեսակի փոխարեն: Նրանց միացան նաև սնկերի 40 տեսակ և անողնաշարավորների 155 տեսակ:

00:19 Մայիս 23, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news