Ի՞նչ տուգանք կարող է նշանակվել, եթե լուցկու մեկ հատիկից կամ չհանգցրած ծխախոտից այրվել է ողջ անտառը

Ի՞նչ տուգանք կարող է նշանակվել, եթե լուցկու մեկ հատիկից կամ չհանգցրած ծխախոտից այրվել է ողջ անտառը

ԷկոԼուր

Լայնածավալ հրդեհի արդյունքում Արտավանի կիրճում ավելի քան 200 հա տարածքում այրվել է գիհու յուրահատուկ անտառ: Սրանք նախնական տվյալներն են, որոնք ստացվել են WWF-Հայաստանի աշխատանքային խմբի իրականացրած նկարահանումների արդյունքում: Նրանց տվյալների համաձայն` օգոստոսի 12-ի դրությամբ հրդեհն ընդգրկել է ընդհանուր 650 հա տարածք:
Օգոստոսի 14-ի դրությամբ հրդեհը դեռ չի մարվել, հայտնվում են հրդեհի նոր օջախներ:
Իրավիճակը ԷկոԼուրի հետ զրույցում մեկնաբանեց WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը: «Հրդեհը հսկայական վնաս է պատճառել գիհու անտառներին: Միայն նախնական գնահատականով հրդեհն ընդգրկել է 202 հա գիհու անտառ, իսկ հրդեհը շարունակվում է: Այս անտառները շատ դանդաղ են աճում, և նրանց վերականգնումը բարդ գործընթաց է: Ծառերը 200 տարեկան էին, հանդիպում էին նաև 500-ամյա ծառեր»,- ասաց Մանվելյանը:

Հարցին, թե ինչը կարող էր նման մեծ հրդեհի պատճառ հանդիսանալ, և արդյոք դա կանխամտացված արարք չէ, Մանվելյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հրդեհի մասին ահազանգը շատ ուշ է եղել: Հրդեհը սկսել է տարածվել վերևից, որտեղ մարդիկ զբաղված էին գյուղատնտեսական աշխատանքներով և խոտ էին հնձում: Սկզբում ուշադրություն չեն դարձրել: Սակայն գիհու անտառները վառվում են ջահի նման, քանի որ արտադրում են եթերային յուղեր: Դրան գումարվեց ծայրաստիճան չոր եղանակը, և արդյունքում , երբ ժամանեցին հրշեջ մեքենաները, հրդեհն արդեն տարածվել էր հսկայական տարածքում: Վերևի մասում աշխատում էին 10-ից ավելի հրշեջ մեքենաներ: Բայց այդ մեքնենաները չկարողացան իջնել կիրճ, որտեղ զառիթափ լանջեր կան: Եվ մարդիկ այնտեղ չեն կարող իջնել, դա շատ վտանգավոր է: Այժմ աշխատում են տրակտորներ, որոնք խրամատներ են փորում, որպեսզի մեկուսացնեն հրդեհը: Ցավոք, քամի բարձրացավ, որը խրամատներից հրդեհը տեղափոխեց այլ տարածք, և հիմա տրակտորները նոր խրаմատներ են փորում»:

«Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ-ի նախագահ Մամիկոն Ղասաբյանը հավելեց. «Մենք տեսանք թռչուններ, որոնք թռչում էին կրակի սահմանի մոտ: Դա նշանակում է, որ այնտեղ նրանց որսն էր` մանր կրծողներ, օձեր, սողուններ: Արտավանի կիրճը յուրահատուկ է: Իհարկե, խոշոր կենդանիները կարող էին փախչել հրդեհից, իսկ կրակում ոչնչացան հիմնականում անողնաշարավորները, փոքր կրծողները, օձերն ու սողունները»:

Կարեն Մանվելյանը կարծում է, որ հրդեհավտանգ իրավիճակի մասին բոլորը գիտեին, և պետք էր ադեկվատ միջոցառումներ ձեռնարկել: «Հարկավոր է հերթապահություն սահմանել հրդեհավտանգ վայրերում, ուժեղացնել վերահսկողությունը: Իսկ այժմ հրդեհից տուժած տարածքներին վերականգնում է պետք, որը պահանջում է մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ: Պետք է միավորել ջանքերը` անտառը վերականգնելու համար: Եւ, իհարկե, պետք է աշխատել տեղի բնակչության հետ: Հատված ծառի համար նշանակվում են մեծ տուգանքներ, իսկ ի՞նչ տուգանք կարող է նշանակվել , եթե լուցկու մեկ հատիկից կամ չհանգցրած ծխախոտից այրվել է ողջ անտառը»:

18:00 Օգոստոս 14, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news