ԷկոԼուր
«Իրավունքի ազգային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն, փաստաբան Նազելի Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014թ-ի հուլիսի 31-ի 781 - Ն որոշումը: «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» որոշմամբ տնտեսվարողին թույլատրվում է Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները տեղափոխել այլ տարածք, եթե հնարավոր չէ այդ բուսատեսակները պահպանել տնտեսական գործունեության տարածքում: Ըստ Նազելի Վարդանյանի՝ որոշումը հակասում է ՀՀ օրենքներին:
Վարչապետին ուղղված դիմումի մեջ նշված է.
«ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման» Կարգը /այսուհետ` Կարգ/: Նշված որոշումը և Կարգը ամբողջովին հակասում են ՀՀ օրենսդրությանը և միջազգային նորմերին և պետք է ուժը կորցրած ճանաչվեն հետևյալ պատճառաբանությամբ.
1. Նշված որոշման մեջ հղում է կատարվում «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի «գ» ենթակետի և 24-րդ հոդվածի վրա որպես Կարգի ընդունման հիմնավորում, սակայն Կարգը հակասում է նշված նորմերի պահանջներին:
«Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /այսուհետ` Օրենք/ 5-րդ հոդվածի «գ» ենթակետը սահմանում է. «Բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`
գ) բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և օգտագործման կարգի սահմանում.»
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի /2002թ./ 14-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է որոշումներ, միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորություններով:» «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն. «Իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը և հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:» «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի /2018թ./ 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:» Այսինք այդ Կարգի վերնագիրը պետք է շարադրված լիներ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքում /այսուհետ` Օրենք/ նշվածին համապատասխան և բովանդակությունը նույնպես պետք է համապատասխաներ դրան: Սակայն, ՀՀ Կառավարությունը ընդունել է մի որոշում, որի լիազորությունը իրեն չէր վերապահված «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև դրա վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը, ինչը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 40-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտում է:
«Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «1. Նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից:
2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:» Փաստորեն, ՀՀ Կառավարության նշված որոշումը դուրս է եկել իր առարկայի շրջանակներից և հակասում է ՀՀ օրենքներին, ինչը «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտում է:
2. Ինչ վերաբերում է Օրենքի 24-րդ հոդվածին, ապա այն սահմանում է. «Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը թույլատրվում է բացառիկ դեպքերում` գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» Դա պետք է կարգավորվեր ՀՀ Կառավարության մեկ այլ որոշմամբ: Ի դեպ, Օրենքի 24-րդ հոդվածում նշված բացառիկ դեպքերում /գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով/ օգտագործումը չի կանոնակարգվել նշված Կարգով: Օրենքի 17-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:» Այսպիսով, որպես Օրենքի 17-րդ հոդվածի բացառություն, 24-րդ հոդվածը թույլ է տալիս կարմիր գրքում գրանցված բույսերի օգտագործումը բացառիկ դեպքում միայն գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով: Օրենքը արգելում է այդ բույսերը` այլ վայր տեղափոխել: Սակայն, ի խախտումն Օրենքի, Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում սահմանված է. «Հողերում Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում (այսուհետ՝ կարմիր գիրք) գրանցված տվյալ բուսական տեսակի նոր պոպուլյացիաների հայտնաբերման դեպքում դրանց պահպանության նպատակով նշված Կարգի 3-րդ կետով նախատեսված միջոցառումների հետ միասին տնտեսական գործունեություն իրականացնողները՝
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում կարմիր գրքում, որպես տվյալ բույսի աճելավայր չգրանցված տարածքներից, բույսերի բնական վերարտադրության նպատակով տեղափոխում են տնտեսական գործունեության արդյունքում ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող բույսերի առանձնյակները տվյալ տեսակի համար նպաստավոր բնակլիմայական պայմաններ ունեցող որևէ բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիների տարածք, կամ կարմիր գրքում որպես տվյալ բույսի աճելավայրեր գրանցված որևէ տարածք, իսկ բույսերի սերմերը տրամադրում են համապատասխան մասնագիտացված կազմակերպությանը՝ գենետիկական բանկում պահելու և հետագայում տեսակի վերարտադրությունը կազմակերպելու նպատակով:» Այս դրույթը ամբողջությամբ հակասում է ՀՀ օրենսդրությանը: Մասնավորապես, Օրենքի 17-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը, հետևաբար, ՀՀ կառավարությունը իրավասու չէ թույլատրել տնտեսական գործունեություն, որի «արդյունքում ոչնչացման սպառնալիք» կարող է լինել Կարմիր գրքում գրանցված բույսերի և դրանց աճելավայրերի համար, հետևաբար Կարգով բույսերի տեղափոխում թույլատրելը անօրինական է: Հակառակը, այդ վայրերում պետք է արգելվի և բացառվի ցանկացած տնտեսական գործունեություն:
3. Բացի այդ, սույն Կարգով հնարավորություն է տրվել մասնավոր տնտեսական գործունեություն իրականացնող անձանց Կարմիր գրքում գրանցված բույսը տեղափոխել պետական սեփականություն հանդիսացող տարածքներ /բնության հատուկ պահպանվող տարածք կամ բուսաբանական այգիներ/, իսկ սերմերը պահել բանկում, սակայն չի նշված ի՞նչ չափանիշներով պետք է ընտրվեն այդ տարածքները, ի՞նչ կարգով դա պետք է կատարվի, արդո՞ք դրա համար պետք չեն մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, ի՞նչ պետք է անի տնտեսավարողը, եթե հատուկ պահպանվող տարածքների և բուսաբանական այգիների տնօրինությունը հրաժարվի այդ բույսերը ընդունել կամ այդ բույսերի աճելավայրերին համապատասխանող տարածք չգտնվի, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի և հատուցի վնասները, եթե այդ բույսերը չհարմարվեն նոր պայմաններին և ոչնչանան ու այսպիսի բազմաթիվ հարցեր կարգավորված չեն Կարգով: Բացի այդ չի նշված, թե` տարիներ շարունակ, ո՞վ պետք է հոգա այդ բույսերի և սերմերի պահպանության ծախսերը: Քանի որ, սույն Կարգով տնտեսական գործունեություն իրականացնողների վրա այդ պարտականությունը չի դրվում, ապա ստացվում է, որ դա կատարվելու է պետական բյուջեի հաշվին: Արդո՞ք այդպիսի ծախսեր նախատեսված են բյուջեով:
4. Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը հակասում է, ինչպես նշված Կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետի դրույթներին, այնպես էլ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներին: Մասնավորապես, արգելոց կամ ազգային պարկի արգելոցային գոտի արգելվում է որևէ բույսի տեղափոխումը: Ինչ վերաբերում է բուսաբանական այգիներին, ապա դրանք բնական պայմաններ չեն բույսերի համար, հետևաբար, այդ ենթակետը հակասում է, ինչպես Օրենքի 24-րդ հոդվածին, այնպես էլ սույն Կարգի վերնագրին /«բնական պայմաններում» եզրույթին/ և հիմնական դրույթներին:
5. Կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետը հակասում է նաև նույն Կարգի 2-րդ կետի դրույթներին. «2. Օբյեկտների և դրանց աճելավայրերի պահպանությունն ապահովում է վայրի բուսատեսակների բազմազանության ամբողջականությունը, բուսական ծածկույթի ջրապահպան, հողապաշտպան, կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարությունը:»
6. Նշված Կարգը հակասում է նաև «Կենսաբանական բազմազանության մասին» և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» /Բեռնի/ կոնվենցիաների պահանջներին: Վավերացնելով նշված կոնվենցիաները, Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություններ, որոնց չկատարելը կարող է հանգեցնել` կոնվենցիաներով նախատեսված միջազգային պատժամիջոցների:
Մասնավորապես, «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիան: Կոնվենցիայի 14-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որքանով դա հնարավոր և նպատակահարմար է.
ա/ համապատասխան ընթացակարգեր է ներդնում, որոնց համաձայն` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում է պահանջվում իր կողմից նախատեսվող ծրագրերի նկատմամբ, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա` այդպիսի ազդեցության հետևանքները կանխատեսելու և նվազեցնելու նպատակով, և, նպատակահարմարության դեպքում, ապահովում է այդպիսի ընթացակարգերի իրականացմանը հանրության մասնակցության հնարավորությունը,
բ/ համապատասխան միջոցներ է ձեռնարկում ապահովելու համար իր կողմից իրականացվող այն ծրագրերի և քաղաքականության էկոլոգիական հետևանքների հաշվի առնելը, որոնք կարող են զգալի բացասական ազդեցություն գործել կենսաբանական բազմազանության վրա»:
«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» /Բեռնի/ կոնվենցիան: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ձեռնարկի քայլեր վայրի ֆլորայի, վայրի ֆաունայի և բնական միջավայրերի պահպանությանն ուղղված ազգային քաղաքականությունը խթանելու համար` հատուկ ուշադրություն դարձնելով վտանգված և խոցելի, հատկապես տեղական տեսակներին և վտանգված բնական միջավայրերին` համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր քաղաքականությունը ծրագրելիս ու մշակելիս, ինչպես նաև աղտոտման դեմ ուղղված իր միջոցառումներում պարտավորվում է հաշվի առնել վայրի ֆլորայի և ֆաունայի պահպանության հարցերը:»
Այսպիսով, ակնհայտ է, որ նշված Կարգը ընդունվել է ՀՀ օրենսդրության և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, դրա կիրառումը էական և անդառնալի վնաս է պատճառում, ինչպես Հայաստանի, այնպես էլ երկրագնդի կենսաբազմազանությանը և բացասական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի վրա:
Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին», «Իրավական նորմատիվ ակտերի մասին» /2018թ./, «Բուսական աշխարհի մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, «Կենսաբանական բազմազանության մասին» և «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիաներով` խնդրում եմ ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կառավարության 31.06.14թ. հ.781-Ն որոշումը»:
Ապրիլ 15, 2019 at 13:48