Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան. Նաիրա Զոհրաբյան

Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան. Նաիրա Զոհրաբյան

ԷկոԼուր

Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է 479 հնագիտական հուշարձան, սակայն մինչ օրս չի իրականացվել հայտնաբերված հուշարձանների վկայագրում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսօր հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ մեր քննիչ հանձնաժողովում բավականին թեժ էր: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Ամուլսարի տարածքում պեղումներ իրականացրած արշավախմբի ղեկավար Սիմոնյանի հետ քննարկեցինք Ամուլսարի և հարակից տարածքում հայտնաբերված պատմամշակութային հուշարձանների փրկության և պահպանության հարցերը:

Ամուլսարի ազդեցության գոտում գտնվող 81 դամբարաններից այս պահին պեղված է 46-ը և առնվազն զարմանալի է, որ մշակույթի նախկին նախարարությունը, ով ոլորտի լիազոր մարմինն էր, մինչ այժմ չի վկայագրել հայտնաբերված հուշարձանները: Մեր օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով այն պահին, երբ հայտնաբերվում են պատմամշակութային հուշարձաններ, տեղանքում ցանկացած աշխատանք դադարեցվում է և անմիջապես իրազեկվում է լիազոր մարմնին:

Առ այս պահը ոչ միայն չի արվել հայտնաբերված հուշարձանների վկայագրում, այլ նաև չկա մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը ՝ արդյո՞ք Ամուլսարի շահագործումը չի ավիրելու մեր մշակութային ժառանգությունը:

Ասեմ, որ այս հարցում հետևողական ենք լինելու ու եթե պարզվի, որ Ամուլսարի հետագա շահագործումը ջնջելու է այդ տարածքում առկա հնագիտական մեր ժառանգությունը, դրան էլ գումարած ՝ հանքի շահագործման բնապահպանական կատաստրոֆիկ ռիսկերը, սրանք երկաթյա արգումենտներ են իշխանության ձեռքին՝ միջազգային ցանկացած արբիտրաժում Ամուլսարի գործը շահելու համար», - գրել է Նաիրա Զոհրաբյանը: 

 

Փետրվար 05, 2020 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր