Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 2՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ

Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերը. մաս 2՝ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայաստանի մետաղական հանքերը շահագործող ընկերությունների իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրերը, որոնք հրապարակվել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգստրի գործակալության կայքում

Այս հրապարակման մեջ կանդրադառնանք Հայաստանի ամենաաղմկահարույց Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում «Գեոթիմ» ՓԲԸ) հայտարարագրին:

Մեկ անուն՝ անհայտ բաժնեմասով

2005 թ-ի հոկտեմբերի 13-ին գրանցված ընկերությունը հայտարարագրում որպես իրական սեփականատեր բացահայտել է ընդամենը մեկ անձի՝ ՀՀ քաղաքացի, ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանին: Իսկ թե ինչ մասնաբաժին ունի Ալոյանը և երբ է ձեռք բերել, նշված չէ:

Ըստ հայտարարագրի՝ ընկերությունում հատուկ մասնակցություն ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ այլ անձի/անձանց հետ համատեղ: Սակայն այստեղ ևս մասնակցության չափը և այլ անուններ բացահայտված չեն: Ընդամենը գրված է. «Տեղեկատվությունը հնարավոր չէ ներկայացնել»:

Միջանկյալ ընկերությունների մասին բաժինը հայտարարագրում բացակայում է:

Ովքե՞ր են «Լիդիան»-ի իրական սեփականատերերը

Նշենք, որ ըստ ՀՀ արդարադատության նախարարի 2020 թ-ի փետրվարի 5-ի N 36 հրամանի՝ իրական սեփականատեր է համարվում այն անձը, ով առանձին կամ փոխկապակցված անձի հետ վերահսկում կամ տիրապետում է ընկերության կանոնադրական կապիտալի առնվազն 10 տոկոսը (քաղաքական ազդեցություն ունեցող անձի դեպքում անկախ չափից):

«Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած հայտարարագրից ստացվում է, որ հնարավոր է՝ ընկերության բաժնետոմսերը 10 տոկոսից պակաս չափով մասնատված են բազմաթիվ անձանց/կազմակերպությունների միջև, ինչը իրական սեփականատերերին թաքցնելու միջոց է:

Ֆինանսական խոշոր բանկերից բացի ՎԶԵԲ-ից Ամուլսարի ծրագրում մասնակցություն ուներ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), սակայն հրաժարվեց ծրագրի ֆինանսավորումից:

Որպես այս ընկերության հետ կապ ունեցող՝ հանրության շրջանում շրջանառվել են տարբեր ազդեցիկ անձանց անուններ, ովքեր այս կամ այլ կերպ մասնակցություն են ունեցել Ամուլսարի ծրագրի շուրջ ծավալվող իրադարձություններին: Նրանցից մեկը ներկայում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն է, Մեծ Բրիտանիայում ՀՀ նախկին դեսպանը, ով եղել է ընկերության տնօրենների խորհրդի անդամ: Ամուլսարի ծրագրի զարգացման համար 24 միլիոն դոլլարի վարկ է տրամադրել «Ամերիա» բանկը: 

Նշենք, որ «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ»-ը 2020 թ-ի փետրվարի 5-ին ապացուցակվեց Տորոնտոյի ֆոնդային բորսայից ցուցակագրման հետագա պահանջների չկատարման պատճառով: Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել էր «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի սովորական բաժնետոմսերի առուվաճառքը 2019 թ-ի դեկտեմբերի 23-ին: 

2018 թ-ի ամռանից Ամուլսար տանող բոլոր ճանապարհները փակ են տեղի բնակիչների և բնապահպանների կողմից, Ամուլսարի ծրագրի ենթակառուցվածքների շինարարությունը՝ դադարեցված: Ոսկու հանքավայրի շահագործմանը դեմ քաղաքացիները պահանջում են ՀՀ կառավարությունից արգելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը իրագործել ծրագիրը: Իր հերթին «Լիդիան»-ը հայտարարել է, որ շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց:

16:16 Մայիս 11, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news