Վարչապետը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

Վարչապետը՝ Ամուլսարի հանքի շահագործման մասին

hetq.am, Սեդա Ղուկասյան

Խորհրդարանում շարունակվում է կառավարության 2018 թվականի ծրագրի կատարողականի զեկույցի քննարկումը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Էներգետկայի և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանը բարձրաձայնեց հանքերի շահագործման հարցը։

Պատգամավորը, հղում կատարելով մամուլի հրապարակումներին, ասաց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել է միջազգային դատարան, և հարցրեց՝ ո՞րն է կառավարության դիրքորոշումը Ամուլսարի հանքի շահագործման, Թեղուտի հանքի, Ալավերդու պղնձաձուլարանի և այլ հանքերի շահագործման վերաբերյալ, արդյո՞ք հաշվի են առնվելու, օրինակ, Ամուլսարի պարագայում՝ Լիդիանի ներդրումները՝ ուշադրություն դարձնելով բնապահպանական խնդիրներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ միջազգային դատարան դիմողներից պետք չէ վախենալ. «Մեր մամուլում գուցե նման ընկալում կա, որ վայ, Լիդիանը դիմում է միջազգային դատարան, կորանք ազգովի: Է թող դիմի, ինչքա՞ն ենք մեզ անպաշտպան զգում միջազգային դատարաններից, ու առհասարակ կա նման ընկալում, որ ասում են կդիմենք միջազգային դատարան, ու նայում են մեր դեմքին. երբ տեսնում են Հայաստանի ներկայացուցիչը չի ուշաթափվում, իրենց ճնշումն է բարձրանում»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ կառավարության դիրքորոշումը հստակ է Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ, ըստ որի՝ կառավարության որոշումը կբխի միջազգային հեղինակավոր ընկերության կատարած փորձաքննության արդյունքներից։

«Մենք բյուջեից 300 հազար դոլար ենք հատկացրել, որպեսզի միջազգային բարձր հեղինակություն ներգրավենք, և այն տեղում իրականացնի փորձաքննություն՝ տալու մի հարցի պատասխան. արդյոք այն բնապահպանական ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքի շահագործման պարագայում, դրանք կառավարելի՞ են, թե ոչ։ Ես ասում եմ շատ պարզ, եթե եզրակացությունը կլինի բացասական, այսինքն ռիսկեր կլինեն Ջերմուկի ջրային համակարգի և Սևանի լճի համար, ուրեմն ծրագիրը ընդհանրապես կփակվի: Եթե կասվեն, որ ռիսկերը մեծ չեն, այսինքն կառավարելի են, էդ ծրագիրը կաշխատի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետն անդրադարձավ նաև Թեղուտի հանքի շահագործման խնդրին։ «Մենք Թեղուտում ոնց որ թե հասել ենք մի փուլի, երբ ռեալ շարժեր են տեղի ունենում այնտեղ, և մեր հույսը այն է, որ առաջիկա մեկ-մեկուկես ամսվա ընթացքում այնտեղ կսկսի աշխատուժի ներգրավման գործընթացը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է առհասարակ մետաղական հանքերի շահագործման խնդրին, վարչապետն ընդգծեց՝ կարևոր է օրենսդրական փոփոխություններ կատարել շրջակա միջավայրի գնահատման համակարգում։

«Որպեսզի հաջորդ անգամ նույնպիսի իրավիճակի առջև չկանգնենք, երբ մեր օրենսդրությամբ ձևավորված ՇՄԱԳ-ից հետո ստիպված լինենք բյուջեից փող տանք, որ միջազգային փորձագետ հրավիրենք, որպեսզի ինքը գնահատի իրավիճակը։ Մենք պետք է էնպիսի համակարգ ստեղծենք, որը բացառի կոռուպցիոն ռիսկերը, և այդ գնահատումը կլինի վստահելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մարտ 29, 2019 at 15:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր