Վայոց ձորում կրկին անհանգիստ է Ամուլսարի ծրագրի պատճառով

Վայոց ձորում կրկին անհանգիստ է Ամուլսարի ծրագրի պատճառով

ԷկոԼուր

Ի պատասխան Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ Ջերմուկում և Գնդեվազում բողոքի ակցիաների` «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասված է.

«Արդեն երկրորդ օրը մոտ քսան մարդ փակել են Ամուլսարի հանքի շինհրապարակ տանող ճանապարհները՝ ավելի քան 1450 աշխատակցի զրկելով իրենց օրինական աշխատանքով զբաղվելու հնարավորությունից և խոչընդոտելով երկրի ամենախոշոր ներդրումային ծրագրի աշխատանքը: Նման սադրանքն ուղղված է ոչ միայն մեր ընկերության, այլև երկրի դեմ՝ խոչընդոտելով օրական մի քանի հարյուր հազար դոլարի ներդրումների մուտքը երկիր:

Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է: Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով:

«Լիդիան Արմենիան» պատրաստ է ցանկացած ստուգման՝ բնապահպանական չափանիշների, սոցիալական կառավարման, ֆինանսական հոսքերի, բաժնետերերի կազմի, հարկային մուտքերի թափանցիկության և ցանկացած այլ չափանիշներով: Ընկերությունը վստահ է, որ օբյեկտիվ և պրոֆեսիոնալ չափանիշներով ցանկացած աուդիտ կապացուցի, որ Ամուլսարում կիրառվում են Հայաստանի համար աննախադեպ և միջազգային լավագույն չափանիշները: Ընկերության աշխատանքների ապօրինի խոչընդոտումն ուղղակի հարվածում է երկրի տնտեսությանը և հեղինակությանը: Ընկերությունն ակնկալում է խնդրի իրավաչափ և շուտափույթ լուծում»:

Այս հայտարարությանն անմիջապես հաջորդեց Facebook սոցիալական ցանցում հայտարարություն Ջերմուկի ակտիվիստներից, որում ասված է. «Ժամը 14:30 Ջերմուկի ժողովրդին կոչ ենք անում հավաքվել Կեչուտի խաչմերուկ` ցույց տալու, որ հանքի ճանապարհները փակողները ոչ թե 15-20 հոգին են, ինչպես Հայկ Ալոյանն է ասում, այլ Ջերմուկի բնակչությունն է»:

Լուսանկարը` Վազգեն Գալստյանի

16:17 Հունիս 05, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news