«Ամուլսարի հանքավայրի շահագործումը հակասում է Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարներին». Ջերմուկի ավագանու դիրքորոշումը

«Ամուլսարի հանքավայրի շահագործումը հակասում է Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարներին».  Ջերմուկի ավագանու դիրքորոշումը

ԷկոԼուր

Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքի ավագանու 11 անդամներից 8-ը ներկայացրել են իրենց դիրքորոշումն Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ` ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը։

Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության գնահատում, քանի որ քաղաքը որդեգրել է տուրիզմի զարգացման հեռանկարը։

Հղում անելով «Լիդիան ինթերնեշընըլ»-ին ֆինանսապես աջակցած Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ-ի) կատարողական ստանդարտների համապատասխանության օմբուդսմենի գրասենյակի՝ ազդակիր համայնքներից ներկայացված բողոքների հետաքննության 2017 թվականի վերջնական զեկույցին առ այն, որ Ամուլսարի ոսկու հանքի Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատականում «Ջերմուկ բրենդի և Ջերմուկի, որպես տուրիստական քաղաքի, վրա պոտենցիալ ազդեցությունները չեն գնահատվել և մեղմացվել թիվ 1 Կատարողական չափորոշիչի (ԿՉ1) պահանջներով », ինչպես նաև լիարժեքորեն չեն գնահատվել սոցիալական ազդեցությունները Գնդեվազ համայնքի վրա։

Լիդիանը հանքի շահագործման թույլտվությունները ստացել է բնապահպանական օրենսդրության բազմաթիվ խախտումներով, որոնցից շատերը վիճարկվում են նաև դատական կարգով: Այնուհանդերձ, մենք չենք կարող անվերջ սպասել, քանի որ դատավարությունը ձգձգվում է արդեն ավելի քան երեք տարի, մինչդեռ հանքավայրի շահագործման շինարարական աշխատանքներն ամբողջ թափով շարունակվում են:

ՀՀ վարչական դատարանում 2015 թվականի մարտ ամսից սկսած քննվում է գնդեվազցիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների բողոքն ընդդեմ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության՝ պահանջելով անվավեր և առ ոչինչ ճանաչել Ամուլսարի շահագործման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը։

Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրելու ընթացքում խախտվել են նաև Հայաստանի մասնակցությամբ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց վերաբերյալ այժմ էլ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովում ընթանում է վարույթ:

Ամուլսարի շահագործման հիմքում ընկած իրավախախտումներին և դրանցով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերին անդրադարձել են նաև միջազգային և հակակոռուպցիոն կազմակերպությունները https://transparency.am/…/publicati…/1512041692-0-785589.pdf: 

Միջազգային երեք հեղինակավոր փորձագիտական կազմակերպություն տվել են իրենց բացասական կարծիքը Լիդիանի ՇՄԱԳ-ի վերաբերյալ՝ մատնանշելով լրջագույն խախտումներ թթվային դրենաժի և ջրերի աղտոտման կառավարման հարցում։ Սա նոր երևան եկած հանգամանք է, որի առկայության պարագայում Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվությունը պետք է չեղարկվի։

Լիդանը դեռևս չի սկսել հանքի շահագործումը, սակայն էական վնասներ է հասցրել համայնքներին։ Չնայած իրենց հիմնավորումներին, որ փոշին 1 կմ շառավղով է տարածվելու, 8-10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկ քաղաքն ամբողջությամբ փոշու մեջ է։

Լիդանն արդեն երրորդ անգամ վնասել է խմելու ջրի խողովակները՝ զրկելով Կեչուտ, Գնդեվազ համայքներին խմելու ջրի աղբյուրներից։ Ջրերի խողովակները լցված էին տիղմով։

Արձանագրում ենք, որ

1. Ամուլսարի հանքավայրի շահագործումը հակասում է Ջերմուկ քաղաքի զարգացման հեռանկարներին և արդեն իսկ հանգեցրել է տուրիստական հոսքերի շեշտակի կրճատման, որի հետևանքով առաջացած տնտեսական վնասները որևէ կերպ գնահատված չեն։

2. Ընկերությունը կամ պետությունը չի կրում ոչ մի պատասխանատվություն ջերմուկցիների և Ջերմուկում գործող տնտեսական օբյեկտների կրած վնասների համար: Այդ վնասները գնահատված չեն Ամուլսարի շահագործման ծրագրում և հանրային քննարկման չեն դրվել Ջերմուկի բնակիչների հետ:

Ուստի ՀՀ կառավարությունից պահանջում ենք՝

1. անհապաղ և համարժեք քայլեր ձեռնարկել Ամուլսարի հանքավայրի շահագործման չեղարկելու համար;

2. միջոցներ ձեռնարկել հանքավայրի շինարարության փուլում Ջերմուկի բնակիչների և տնտեսական օբյեկտների կրած վնասները գնահատելու և փոխհատուցելու ուղղությամբ», - ասված է Ջերմուկի ավագանու անդամների ստորագրած հայտարարության մեջ:

Լուսանկարը` Թեհմինե Ենոքյանի

19:15 Մայիս 23, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news