Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը կոչ է անում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը չեղյալ ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը կոչ է անում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը չեղյալ ճանաչել Ամուլսարի ծրագրին տրված փորձաքննական եզրակացությունը

ԷկոԼուր

Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանը դիմում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներկայացնելով մի շարք փաստեր, թե ինչու չպետք է շահագործվի Ամուլսարի հանքավայրը և կոչ անում չեղյալ ճանաչել Ամուլսարի ծրագրին նախկինում տրված փորձաքննական եզրակացությունը:

«Հարգելի ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն,

✅Այն փորձաքննական աշխատանքը, որը կատարել են ELARD-TRC ընկերությունները Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ ժամանակին պետք է կատարած լիներ ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ իր «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ով: Վերջինս պետք է բացահայտած լիներ ՇՄԱԳ-ի թերությունները և առնվազն՝ վերադարձրած լիներ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ կողմից կազմված ՇՄԱԳ-ի հաշվետվությունը ձեռնարկողին՝ պահանջելով կատարելու ամբողջական ուսումնասիրություն՝ հաշվետվության լիարժեքությունը, հավաստիությունը և գիտական հիմնավորվածությունը պարզելու, վնասակար ազդեցությունները ու դրանց հետևանքները կանխարգելելու, նվազեցնելու կամ բացառելու համար: Ակնհայտ է, որ այս աշխատանքը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը չի կատարել:

✅Ամուլսարի վերաբերյալ ELARD-TRC փորձագիտական եզրակացությունը ուսումնասիրելուն զուգահեռ` առաջարկում ենք քննության առնել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից 2016թ. կատարված ուսումնասիրությունը (https://transparency.am/hy/publications/view/208), որով ներկայացված են առնվազն մինչև 2018թ. ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացում առկա կոռուպցիոն ռիսկերը, որոնք թերևս կարող են լույս սփռել, թե ինչ պատճառով է ժամանակին ՀՀ բնապահպանության նախարարությունը տվել դրական եզրակացություն Ամուլսարի հանքի շահագործմանը: Այս փաստաթղթում ներկայացված են մի շարք ռիսկեր, որոնք նկատվել են հենց Ամուլսարի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում: Մասնավորապես՝

✅Ամուլսարի ուսումնասիրված ոսկու պաշարների մասին տվյալները մի քանի տարվա մեջ անհասկանալի պատճառներով փոփոխության են ենթարկվել, ինչն այդքան ակնառու տեղ չի գտել այլ հանքավայրների դեպքում: Օրինակ` Ամուլսարի ոսկու հանքի պարագայում պաշարների քանակի մասին տվյալներն ընդամենը մի քանի տարվա ընթացքում փոփոխվել են չորս անգամ։

✅Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում անհասկանալի պատճառով հաշվի չի առնվել Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացրած կարծիքը:

✅«Բնության համաշխարհային հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղը այլընտրանքային փորձաքննություն է անցկացրել Ամուլսարի ոսկու հանքի նախագծի համար և հայտարարել, որ նախագծի իրականացումը չի համապատասխանում կենսաբազմազանության պահպանման օրենսդրության դրույթներին, ինչը ևս հաշվի չի առնվել։

✅«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, առանց գործունեությունը սկսելու և շահույթ ունենալու, մոտ 120 հազ. ԱՄՆ դոլար է հատկացրել Ջերմուկ քաղաքի զարգացման հիմնադրամին, որը ղեկավարել է Ջերմուկի քաղաքապետի որդին։ Այս հատկացումից հետո հիմնական ազդակիր համայնք հանդիսացող Ջերմուկի քաղաքապետը փոխել է իր նախկին բացասական դիրքորոշումն Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի հանդեպ։

✅2014թ. «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, առանց գործունեությունը սկսելու և շահույթ ունենալու, գրեթե 250 հազ. ԱՄՆ դոլարի նվիրատվություն է կատարել «Լույս» հիմնադրամին` կրթական ծրագրերի աջակցման նպատակով։ Հիմնադրամի գործադիր խորհրդի անդամներից են ՀՀ նախագահը և նախկին վարչապետը։ Անկախ այն բանից, թե այս «բարեգործությունը» անմիջականորեն նպատակաուղղված էր օրենսդրական փոփոխությունների խթանմանը, քիչ հավանական է, որ շահառու հիմնադրամի ընտրությունը պատահական լիներ և, հետևապես, մտավախություն կա, որ դրա դիմաց կառավարությունից ակնկալվել է որոշակի «փոխհատուցում»:

✅«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն մի քանի անգամ բարենպաստ պայմաններ է ստացել իրավական ակտերի միջոցով։ Ամուլսարի հանքարդյունահանման համալիրի նախագծի վերաբերյալ Գնդեվազ համայնքում 2014թ. օգոստոսի 25-ին տեղի ունեցած հանրային քննարկումներից շուրջ մեկ ամիս առաջ: 2014թ. հուլիսի 31-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որը թույլ է տվել հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բույսերի առանձնյակների տեղափոխումն այլ տարածքներ` ապօրինաբար շրջանցելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի և բնապահպանությանը վերաբերող այլ օրենքների դրույթները, որոնցով արգելվում է ընդերքի տեղամասերի շահագործումը նման բուսատեսակների աճելավայրերում։ Այս ենթաօրենսդրական ակտը աներկբայորեն վերացրեց Ամուլսարի հանքարդյունահանման նախագծի առջև ծառացած խոչընդոտները, և այս քայլի նախագիծը պարզապես անհնար կլիներ կյանքի կոչել։

✅Մեկ այլ դեպքում, ՀՀ կառավարության 2015թ. մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հունվարի 21-ի N51-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N244-Ն որոշմամբ, ընդամենը փոփոխելով ծովի մակերևույթից 1000 մետր բարձրության վրա գտնվող լեռնային տեղանքում գտնվող ճանապարհների երկայնական թեքության տեխնիկական պարամետրերը, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հնարավորություն է տրվել անելու ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի խնայողություն:

✅Իրավական ակտերը հեշտությամբ փոփոխելու պրակտիկան առաջացնում է մտավախություն, որ ընդերքօգտագործող ընկերությունները կարող են գործարքի մեջ մտնել պետական մարմինների պաշտոնական անձանց հետ՝ վերջիններից ստանալով իրենց մասնավոր շահերից բխող փոփոխությունները:

✅Ակնհայտ է, որ համակարգային կոռուպցիայի պայմաններում հանքարդյունաբերության թույլտվությունները չէին կարող տրամադրվել մաքուր գործընթացներով և շատ կարևոր է, որ հետհեղափոխական Հայաստանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը վերանայի իր նախկին արատավոր գործելակերպը և չեղյալ ճանաչի նախկինում տրված փորձաքննական եզրակացությունը», - նշված է Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստանի տարածած հայտարարության մեջ:

16:38 Օգոստոս 23, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news