
ԷկոԼուր
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, թե ինչու են քննիչներն ու փորձագետներն այցելում Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածք «Լիդիան Արմենիա»-ի տրանսպորտային միջոցներով:
Պարզաբանման մեջ նշված է.
«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ վերջին օրերին տարբեր անձանց կողմից շահարկվող տեղեկությունը, թե ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և փորձագետները հուլիսի 13-ին Ամուլսարի հանքավայր են այցելել «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող ավտոմեքենաներով, նպատակ են հետապնդում կասկածի տակ դնել գործի քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը:
Ցանկանում ենք պարզաբանել, որ Ամուլսարի հանքավայրի տարածք, վարույթն իրականացնող մարմնի գլխավորությամբ, փորձագիտական խմբերը միշտ էլ մուտք են գործել համապատասխան հրահանգավորում և անվտանգության պաշտպանիչ համազգեստ ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներով հանքավայրի տարածք մուտք գործելուն, ապա նշենք, որ հանքավայրի տարածք հնարավոր է գնալ հատուկ տրանսպորտային միջոցներով, որի նպատակը դարձյալ փորձագիտական խմբի անվտանգության ապահովումն է, իսկ նման տեխնիկա տրամադրվել է ընկերության կողմից՝ վարույթն իրականացնող մարմնի պահանջով:
Տարբեր անձանց կողմից մեկնաբանություններ են հնչում, թե փորձագիտական խումբը հանքավայրի տարածք պետք է մուտք գործի առանց «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վարույթն իրականացնող մարմինն ինքն է որոշում դատավարական գործողության մասնակից անձանց շրջանակը՝ ելնելով քրեական գործի բազմակողմանիության, լրիվության և օբյեկտիվության սկզբունքից»:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեին հատկացվել է 396 հազար 900 ԱՄՆ դոլար՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննությունների կատարման նպատակով: Փորձաքննություններն իրականացնում է «Earth link & Advanced Resources Development» (ELARD) ընկերությունը, որին էլ փոխանցվել է նշված գումարը: Փորձաքննության վերջնական եզրակացությունը Քննչական կոմիտեն կստանա հուլիս ամսվա վերջին:
16:11 Հուլիս 17, 2019