Տեսչական մարմինը չի մանրամասնում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ում տեսչական ստուգումների արդյունքները

Տեսչական մարմինը չի մանրամասնում «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ում տեսչական ստուգումների արդյունքները

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի մանրամասնում Արարատում գործող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում տեսչական ստուգումների արդյունքում հաշվարկված շրջակա միջավայրին հասցված 13.5 միլիոն դրամի չափով վնասի հանգամանքները:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում էր ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել հետևյալի մասին.

- ո՞ր ժամանակահատվածում է ստուգում իրականացվել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ում

- ի՞նչ իրավախախտման համար է հաշվարկվել 13.567.560 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնասը և կոնկրետ ի՞նչ վնաս է հասցվել շրջակա միջավայրին

- ինչպե՞ս է հաշվարկվել 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքը։

ԷկոԼուրը նաև խնդրել է տրամադրել խախտումների վերաբերյալ կազմված ակտերի պատճենները:

Արձագանքելով «ԷկոԼուր»-ի հարցմանը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնից նամակով հայտնել են.

«Ի պատասխան՝ Ձեր 2020 թվականի փետրվարի 20-ի N 4766-0220 գրության տրամադրվում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում (այսուհետ Ընկերություն) իրականացված ստուգման տեղեկատվությունը:

1. Ստուգումն իրականացվել է 2016 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածի համար:

2. Ընկերությունը խախտել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները, ինչի հետևանքով ՀՀ Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշման հիման վրա կատարվել է վնասի հատուցման հաշվարկ:

3. Ընկերությունը վարչական իրավախախտման համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 80-րդ հոդվածի երկրորդ մասով։

4. Այլ տեղեկատվություն չենք կարող հայտնել, քանի որ համաձայն «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի՝ առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները»:

Տեսչական մարմինը նաև չի տրամադրել խախտումների վերաբերյալ կազմված ակտերի պատճենները:

Նշենք, որ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Գեղարքունիքի մարզում շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, որտեղից արդյունահանած հանքաքարը վերամշակում և ոսկի է կորզում Արարատի մարզում գտնվող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում:

 

14:19 Մարտ 06, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news