Երևանի քաղաքապետարանը մերժեց Աջափնյակում նոր հանքավայրի շահագործման նախագիծը

Երևանի քաղաքապետարանը մերժեց Աջափնյակում նոր հանքավայրի շահագործման նախագիծը

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետարանը մերժեց Աջափնյակ վարչական շրջանում «Սենթրալ Իսթեյթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սպանդարյանի տուֆի և բազալտի հանքավայրի շահագործման նախագիծը: Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմյանը ֆեյսբուքյան իր էջում:

«Հիմնվելով հանրային լսումների արդյունքների վրա` Երևանի քաղաքապետը որոշում է կայացրել Աջափնյակում տուֆի և բազալտի նոր հանքի շահագործմանը համաձայնություն չտալու մասին: Ըստ այդմ` այսօր հայտատուին ուղարկվել է համայնքի մերժումը», - գրել է Գայանե Մելքոմյանը:

Հիշեցնենք, որ ս. թ. հունվարի 22-ին անցկացված հանրային լսումների ժամանակ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչներն ու բնապահպանները դեմ էին արտահայտվել Աջափնյակում նոր հանքավայրի շահագործման նախագծին: Նրանք նշել էին, որ Երևանում նոր հանքավայրի շահագործման փաստը մտահոգիչ է, քանի որ քաղաքում հանքավայրերի գործունեության հետևանքով առաջացած փոշու ծավալները շատ մեծ են:

2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Երևան քաղաքում ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված է թվով 18 ընդերքօգտագործման թույլտվություն: ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքի համաձայն՝ Երևանում ընդերքօգտագործման թույլտվություն ստացած ընկերությունները 14-ն են: 

 

15:57 Հունվար 31, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news