ԷկոԼուր
Սեպտեմբերի 19-ին` ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքապետարանում, կքննարկվի «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի գործունեության բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի եւ ազդակիր համայնքների վրա: Քննարկումը կանցկացվի «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի սնկի հումքի արտադրամասի և նրան հարող տարածքներում մթնոլորտային օդի աղտոտման փաստը ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստի շրջանակներում: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին ազդակիր Բյուրեղավան և Նուռնուս համայնքների բնակիչները: Ըստ նրանց` սնկի կոմպոստի արտադրությամբ զբաղվող «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի կողմից մթնոլորտային արտանետումներից եղել են շնչահեղձության դեպքեր: Անտանելի հոտի պատճառով բնակավայրում ապրելը դարձել է անհնար:
Հիշեցնենք, որ պաշտոնական տեղեկատվության համաձայն` Բնապահպանական պետական տեսչության պետի կողմից 30.07.2015թ. որոշում է ընդունվել «Առողջ սունկ» ՍՊԸ-ի Բյուրեղավանի մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Նման որոշման պատճառը սույն թվականի հուլիսի 22 –ից հուլիսի 30-ը «Առողջ սունկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգումների արդյունքներն են: Պարզվել է, որ ամիակի միանգամյա արտանետումների չափաքանակները գերազանցում են ՍԹԱ թույլտվությամբ տրված նորմերը, ինչը «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում է: Խախտվել են նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները /նշված գործունեությունը ենթակա է լիցենզավորման/: Ընկերության տնօրեն Ս. Դավթյանը ենթարկվել է վարչական տուգանքի: «Առողջ Սունկ» ՍՊԸ-ում ստուգումներ են իրականացվել նաեւ 2014թ-ին, եւ ընկերությունը ենթարկվել էր վարչական տուգանքի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի և «Ջրային օրենսգրքի» 21-րդ հոդվածի պահանջները խախտելու համար:
ԷկոԼուրի հարցմանը, թե արդյոք արտադրամասը չի դադարեցրել իր գործունեությունը բնապահպանական տեսչության ընդունած որոշումից հետո, Նուռնուսի բնակիչ Գագիկ Հովակիմյանը պատասխանեց, որ չի դադարեցրել եւ ամբողջ շրջակայքը գարշահոտության մեջ է: Էկոլուրի դիտարկման, թե գուցե ընկերությունը ֆիլտր է տեղադրել` մեղմելու արտանետումները, Գագիկ Հովակիմյանը ասաց. «Գուցե եւ տեղադրել են, ես չգիտեմ, բայց որ սուր գարշահոտություն է, դա հաստատ»:
Բնակիչների բողոքները հաշվի առնելով` ՀՀ Կոտայիք մարզպետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է խնդիրը: Հանձնաժողովի նիստի ընթացքում կներկայացվեն «Առողջ Սունկ» ՍՊԸ-ի սնկի հումքի արտադրամասի և նրան հարող տարածքներում մթնոլորտային օդի աղտոտվածության ուսումնասիրության արդյունքները, արտադրամասի գործունեության օրենսդրական դաշտում գործող նորմատիվներին, կարգերին և դրույթներին համապատասխանությունը, արտադրամասում ՀՀ պետական մարմինների կողմից իրականացված ստուգումները, ընդունված որոշումները, դրանց կատարումը եւ այլն:
Սեպտեմբեր 18, 2015 at 16:04