Նավթավերամշակման արտադրությունների արտանետումները խիստ վտանգավոր են առողջության և շրջակա միջավայրի համար

Նավթավերամշակման արտադրությունների արտանետումները խիստ վտանգավոր են առողջության և շրջակա միջավայրի համար

ԷկոԼուր

ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նատի» թաղամասի բնակիչներն ահազանգում են. «Արմօյլ» ՓԲԸ-ի կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանը վտանգելու է իրենց կյանքն ու առողջությունը: Բնակիչները պահանջում են դադարեցնել գործարանի կառուցումը, որը գտնվում է անմիջապես բնակելի տների և պտղատու այգիների կողքին:

«Մենք ապրում ենք ատոմային ռումբի վրա, ինչ փաստաթուղթ էլ ներկայացնեն, ինչքան էլ մեզ համոզեն, մենք հասկանում ենք` գործարանը ինչ վտանգ է ներկայացնում…մեր այգիները, ամեն ինչը հեչ է լինելու, իսկ եթե հանկարծ պայթեց այդ գործարանը, ո՞ւր ենք գնալու, օդ ենք թռնելու…տարաների վրա օդի, գազերի համար տեղ են թողնելու, և այդ գազերի գոլորշին որ դուրս եկավ, բնությանն ու մարդկանց վնաս է լինելու…այդ տարաները բաց երկնքի, արևի տակ շիկանալու են, գոլորշին ո՞ւր պետք է գնա, պետք է մենք շնչենք…մեր պահանջն է կամ վերացվի սա այստեղից, կամ մեզ փոխհատուցում տան, մենք այստեղից գնանք, պրծնենք», - ԷկոԼուրի հետ զրույցում ասացին «Նատիի» բնակիչները:

Նավթավերամշակման արտադրությունները մթնոլորտ են արտանետում ծանր մետաղներ, ծծմբի օքսիդ, ազոտի օքսիդ, դիօկսին, ածխածնի օքսիդ, ածխաթթու, բենզոլ, հիդրոֆիլականթթու, քլոր և այլն:

«Այս բոլոր նյութերը խիստ վտանգավոր են մարդու առողջության և շրջակա միջավայրի համար: Առաջացնում են վերին շնչառական ուղիների լուրջ հիվանդություններ ընդհուպ մինչև ասֆիկսիայի (շնչահեղձության): Մասնավորապես դիօկսինները կայուն օրգանական քիմիկատներ են, որոնք հանգեցնում են օնկոլոգիական հիվանդությունների առաջացմանը: Այս նյութերը, աղտոտելով շրջակա միջավայրը` սպանում են կենսաբազմազանությունը: Մարդու, բուսական և կենդանական աշխարհը վտանգված են այս նյութերով աղտոտված տարածքում»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը:

«Նատի» թաղամասը շուրջ 250 բնակիչ ունի: Մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ, աճեցնում են պտղատու այգիներ: Այս թաղամասում նավթավերամշակման գործարանի մեծամասշտաբ շինարարական աշխատանքներն «ԱրմՕյլ» ընկերությունը մեկնարկել է դեռ 2015 թ-ի գարնանը: Սակայն ընկերության հաղորդագրության մեջ չի նշվում, թե ինչ գործարան են կառուցում: Շինարարության սկզբում բնակիչները նույնպես չեն տեղեկացվել, թե ինչ գործարան է կառուցվում: Ամեն ինչ պարզվել է 2017թ-ին, երբ գործարանի տարածքում սկսել են մոնտաժել տարաները: Եղվարդցիների ահազանգի արդյունքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը որոշում է ընդունել դադարեցնել գործարանի շինարարությունը, այնուհետև շինարարական աշխատանքները վերսկսվել են:

«Մենք ստորագրություններով մեր բողոքն ուղարկեցինք մի քանի նախարարություն` տեղեկանալու համար, թե ինչ արտադրություն է լինելու: Խնդրի մասին մի քանի անգամ տեղեկացրել ենք նաև քաղաքապետ Նորայր Սարգսյանին, բայց ինքը չլսեց մեզ, որովհետև շինարարական թույլտվությունը իր ձեռքի գործն է: Այդ տարածքը 3-րդ կատեգորիայի արդյունաբերական տարածք համարեցին` հաշվի չառնելով, որ բնակելի տնից 15-20 մետր հեռավորության վրա է, 52 ընտանիք, մոտ 250 բնակիչ կա այդտեղ, գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվում, տասնյակ հեկտարներով տարածքներ են մշակվում: Մեզ ոչ մի փաստաթուղթ չտրամադրեցին, թե մեր կյանքի ու առողջության համար գործարանը ինչ խնդիրներ կարող է առաջացնել: Իրենք («Արմօյլ» ՓԲԸ-ն) մի անգամ ասել էին, որ 1 կմ շառավղով բուսականությանը վնաս է, բայց մարդկանց վնաս չէ: Հիմա ոնց կլինի` բուսականությանը վնաս կլինի, մարդկանց` ոչ», - ԷկոԼուրի հետ զրույցում պատմեց բնակիչներից Արթուր Թումասյանը:

Արթուր Թումասյան

Անմիջապես գործարանի կողքին է գտնվում քաղաքացի Ռաֆիկ Վիրաբյանի սալորի մեծ այգին: ԷկոԼուրի հետ զրույցում այգու սեփականատերը հայտնեց, որ 250.000 դոլար ներդրում է արել այգու համար:

Ռաֆիկ Վիրաբյանը նամակով դիմել է «Արմօյլ»-ի գլխավոր տնօրեն Ալֆրեդ Աբեդիին` ներկայացնելով իր այգու սեփականության վկայականը և կատարած ծախսերը: «Ես գրել եմ, որ արդեն 5-րդ տարի է` մշակում եմ այդ այգին, հսկայական ֆինանսական միջոցներ եմ ծախսել, 2000 մեքենա հող եմ բերել, կաթիլային ոռոգման համակարգ եմ ներդրել, չիր ենք արտադրում, արտահանում: Ընկերության տնօրենը ինձ նամակով գրեց, որ արտադրության ժամանակ թափոններ չեն լինելու: Ես գնահատել եմ իմ ծախսերը, և եթե հանկարծ գործարանի աշխատանքի ժամանակ իմ այգուն վնաս հասցվի, հենվելով տնօրենի գրության վրա, կդիմեմ դատական մարմիններին և կպահանջեմ պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - ասաց Ռաֆիկ Վիրաբյանը` նշելով, որ բացի իր այգուց այդտեղ կան խնձորի, ընկույզի մեծ այգիներ:

«Խախտվել են մեր իրավունքները` կյանքի, առողջության: Խախտվել է նաև մեր սեփականության իրավունքը: Եթե հիմա մեկը ցանկանա վաճառել իր տունը, ո՞վ կգնի: Խախտվել են տեղեկատվության, որոշումների ընդունմանը մեր մասնակցության իրավունքները: Մեզ ի սկզբանե չեն տեղեկացրել, թե ինչ են կառուցում, իսկ երբ մենք հետաքրքրվել ենք, մեզանից թաքցրել են:

Նախկին իշխանությունների ժամանակ մենք վստահ չէինք, որ մեր բողոքը լուծում կստանա, հիմա վստահում ենք մեր իշխանություններին, և այս բողոքը կազմակերպել ենք, որպեսզի մեր իշխանությունները ուշադրություն դարձնեն այս խնդրին ու լուծում տան: Քանի որ մեր կյանքի և առողջության հետ է կապված, միանշանակ պետք է դադարեցվի գործարանի կառուցումը, ուրիշ տարբերակ չկա», - ասաց Եղվարդի բնակիչ Արթուր Թումասյանը:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով` նավթավերամշակման արտադրությունը պարտադիր ենթակա է բնապահպանական փորձաքննության և դիտարկվում է ամենաբարձր ռիսկայնություն ունեցող` «Ա» կատեգորիայով: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ից ԷկոԼուրին հայտնել էին, որ եթե կառուցվող քաղաքաշինական կառույցը չի գերազանցում 1500 քմ-ը, ենթակա չէ բնապահպանական փորձաքննության: Թե որքան է «Արմօյլ» ՓԲԸ-ի նավթավերամշակման գործարանի տարածքը, հայտնի չէ: Ընկերության պաշտոնական կայքում նախագիծ չկա:

Հիշեցնենք, որ Եղվարդում նավթավերամշակման գործարանի կառուցման առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի համար հիմք է հանդիսացել այն, որ Եղվարդ համայնքի պաշտոնատար անձինք «ԱրմՕյլ» ընկերության կողմից կառուցապատման նպատակով թույլտվություն տալուն խոչընդոտ հանդիսացող նորմատիվ իրավական ակտերով սահմանված համալիր փորձաքննության,գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կատարման անհրաժեշտությունը քողարկելու նպատակով համայնքի վարչական մարմնում պահվող քաղաքաշինական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ չարաշահումների բազմակողմանի քննությունն ապահովելու, կեղծիքներ թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Չնայած հարուցված քրեական գործին, ԷկոԼուրի տեսախցիկը ֆիքսեց, որ գործարանի շինարարական աշխատանքները շարունակվում են:



21:35 Հունիս 22, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news