Ալիսա Գեւորգյան, «Ռադիոլուր»
Որպես անտառային ոլորտում բարեփոխումներ իրակակնցանող պետական լիազորված մարմին, հանրապետության գյուղնախարարությունը դիմել էր Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրին` ՀՀ անտառային օրենսդրությանը վերաբերող աջակցություն եւ խորհրդատվություն ստանալու նպատակով։
Նշված ծրագրի շրջանակներում անտառային եւ բնապահպանական ոլորտի միջազգային իրավաբան Ստեփան Մանը վերջերս ներկայացրել է 2005 թվականի անտառային օրենսգրքի վերանայմանն առնչվող եզրակացությունների եւ առաջարկությունների մասին հաշվետվության նախագիծը։ Անտառային ոլորտին առնչվող ու այս ոլորտում գործող պետական գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերությունների մասնակցությամբ «Կոնգրես» հյուրանոցում քննարկվել են հիշյալ առաջարկությունները։
«Հանուն կայուն զարգացման» ծրագրի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանի փոխանցմամբ՝ փորձագիտական հաշվարկներով անտառային ծածկույթը մեր երկրի ընդամենը ութ տոկոսն է կազմում, պաշտոնական տվայալներով՝ մոտավորապես 10 տոկոսը։
«Միացյալ նահանգների կողից տիեզերքից կատարված նկարահանումները հաստատեցին փորձագիտական տվյալները։ Ըստ ամերիկյան ամփոփագրի 2001 թվականին Հայաստանի անտառածածկ տարածքը կազմել է երկրի ողջ տարածքի մոտավորապես ութ տոկոսը»,-ասում է Կարինե Դանիելյանը՝ հավելելով. «այսօրվա պայմններում ամեն ինչ չէ, որ կարող ես ուռճացնել, տիեզերքից ամեն ինչ երեւում է»:
ԱՆՏԱՌՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ` ԲԱՎԱՐԱ՞Ր
Aysor.am
ՀՀ Անտառային օրենսգրքի շուրջ երկօրյա աշխատանքային քննարկումը շարունակվում է: Հանդիպմանը մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Անտառային պետական մոնիտորինգ կենտրոնի, անտառային ոլորտին առնչվող և այդ ոլորտում գործող այլ պետական հաստատությունների, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրին ՀՀ անտառային օրենսդրությանը վերաբերող միջազգային աջակացություն և խորհրդատվություն ստանալու նպատակով:
«Ամբողջ հանրապետության տարածքում անտառների ընդհանուր գնահատականը բավարար է: Այսօր ամենակարևորն է հետ բերել ժամանակին կորցրածը: Եթե անօրինական հատված ծառերը 2000-2001 թթ-ին հաշվվում էին մի քանի տասնյակ հազար հատ, հիմա չեն գերազանցում 2000 հատը»,- հայտարարեց Անտառների պետական մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Արա Մեջլումյանը:
Aysor-ի այն հարցին, թե արդյո՞ք դա իրական թիվ է, կենտրոնի փոխտնօրենը նշեց. «Դա պաշտոնական տվյալներ են, հաշվի առնենք, որ ապօրինի բոլոր հատումները հնարավոր չի գրանցել»:
Ներկայումս անտառների փաստացի զբաղեցրած տարածքների մասին Ա. Մեջլումյանը հստակ տեղեկություններ չունի և արդյոք որևէ պետական կամ մասնավոր ընկերություն այդ հաշվառումն արել է, թե` ոչ, նույնպես հայտնի չէ: Նրա խոսքով, մոնիտորինգի կենտրոնը հաշվառմամբ չի զբաղվում, այլ` օգտագործում է եղած տվյալները, որոնք «պահպանվել» են դեռևս 1990-ական թվականների վերջից: Ըստ այդ տվյալների` ընդհանուր անտառային ֆոնդը հաշվվում է 460 հզ. հա, անտառածածակ տարածքները` 334 հզ. հա:
«Այսօր փատացի վիճակի տվյալները դա մոտավոր հաշվարկների, մոտավոր դիտարկումների արդյունքն է»,- հայտնեց Ա. Մեջլումյանը` հավելելով, որ անտառկառավարման բոլոր պլանների կազմումից հետո տվյալները կամփոփվեն և դրությունը կպարզվի:
Նշելով, որ ներկայումս անտառների կառավարող մարմինները մի քանիսն են (ՀՀ գյուղնախարարություն, Բնապահպանության նախարարություն, Տարածքային կառավարման նախարարություն), Ա. Մեջլումյանը կարծիք հայտնեց, որ անտառի կառավարման մարմինների գործառույթներում պետք է շատ ավելի հստակություն մտցվի, և ճիշտ կլիներ օրենսգրքում հստակեցվեր ու բացառվեր գործառույթների կրկնությունը:
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԱՆՏԱՌՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
ԱՐՄԵՆՊՐԵՍ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, որպես անտառային ոլորտում բարեփոխումներ իրականացնող պատասխանատու պետական լիազորված մարմին, դիմել է գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրին` ՀՀ անտառային օրենսդրությանը վերաբերվող միջազգային աջակցություն եւ խորհրդատվություն ստանալու նպատակով: Այսօր հրավիրված կլոր սեղանի շրջանակներում «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի փորձագետ Այսեր Ղազարյանը նշեց, որ անհրաժեշտ է իրականացնել անտառտնտեսության նկատմամբ կայուն կառավարում, որպեսզի կանաչ տարածքների նվազման միտումները չշարունակվեն:
«Կայուն կառավարման ստանդարտների հիման վրա առաջարկելու ենք փոփոխություններ ՀՀ անտառային օրենսդրությունում, որոնց բազմանպատակային օգտագործման հիման վրա պետք է կատարվի կայուն կառավարում: Անտառային տնտեսությանն անհրաժեշտ է ցուցաբերել էկոհամակարգային մոտեցում, ինչը կբերի քայքայված էկոհամակարգերի վերականգնման»,- ասաց Ա. Ղազարյանը: «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի իրավաբան Ստեֆան Մանի խոսքով, անտառտնտեսության նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել երկարաժամկետ եւ գիտականորեն հիմնավորված կայուն կառավարում, ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ իրականացնել` կայուն անտառկառավարմանն աջակցելու նպատակով: «Անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը նույնպես ներգրավված լինի անտառնտեսության վերականգնման գործին: Մենք առաջարկում ենք օրենսդրությունում սահմանել կետ, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացի իր առջեւ կզգա պարտավորվածություն` կանաչ տարածքների նկատմամբ»,- ասաց նա:
